Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր աշխատանքներն է շարունակել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել են Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից։
Հանձնաժողովի հերթական նիստը մեկնարկել է երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, նրանց առողջական վիճակի, ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների ամփոփմամբ: Ներկայացվել է տեղեկատվություն համավարակի տարածումը կանխարգելող միջոցառումների ընթացքի մասին՝ անդրադարձ է եղել պարետատան սահմանած կանոնների պահպանման և պաշտպանիչ միջոցների կիրառման ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը, վարչական իրավախախտումների դեպքերին, անախտանիշ դեպքերի ինքնամեկուսացման ռեժիմի նկատմամբ հսկողությանը:
Հաջորդիվ քննարկում է ծավալվել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու հետագա ռազմավարության և քայլերի շուրջ: Արծարծվել են առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը և հանրային իրազեկվածության բարձրացմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկներ:
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն և հետևել սահմանված կանոններին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ներկայացնել առաջարկներ՝ նիստի շրջանակում արծարծված խնդիրների լուծման առնչությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







