Մաշկի քաղցկեղի դեմ երկամյա պայքարից հետո 39 տարեկանում մահացել է ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը, հայտնել է Daily Mail-ը՝ հղում անելով նրա ընտանիքին։
Բռնցքամարտիկի ընտանիքը նշել է, որ սգում է «սիրող ամուսնու, նվիրված հոր և մեծ սրտով մարդու կորուստը, որը հետք է թողել իրեն ճանաչող բոլոր մարդկանց վրա»։
«Նա թողեց դատարկություն, որը հավերժ կմնա մեզ հետ։ Մենք նրան շատ էինք սիրում, և անասելի կկարոտենք։ Դժվար կլինի, բայց այն միտքը, որ նա գնում է ավելի լավ տեղ՝ ազատ ցավից և տառապանքից, մեզ հույս է տալիս»,- ասվում է ընտանիքի հայտարարության մեջ։
Մարտիրոսյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել։ Նա ժառանգել է հոր սերը բռնցքամարտի նկատմամբ, սկսել է մարզվել 7 տարեկանում։
18 տարեկանում Մարտիրոսյանը ներկայացրել է Միացյալ Նահանգները 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերում 69 կգ քաշային կարգում։ 20 տարեկանում նա կատարել է իր պրոֆեսիոնալ բռնցքամարտի դեբյուտը լեգենդար Ֆրեդի Ռոուչի մարզչությամբ։
2024 թվականի հոկտեմբերին նա Boxing Scene-ին տված հարցազրույցում խոսել էր իր հիվանդության մասին՝ ասելով, որ բռնցքամարտում մարզիկն ունի պաշտպանություն՝ ռինգի մոտ գտնվող բժիշկ, շտապօգնության անձնակազմ և մրցավար, մինչդեռ քաղցկեղը նման պաշտպանություն չի առաջարկում։ Մարտիրոսյանը խոստովանել էր, որ չի կարողանում վերահսկել հիվանդության զարգացումը, վախենում է դրա վատթարացումից և ամեն օր աղոթում է հրաշքի համար։
Նրա խոսքով՝ բժիշկները նրա ախտորոշումը համարել են չափազանց հազվադեպ, որն ազդում է բնակչության միայն մեկ տոկոսի վրա։ Մարտիրոսյանը նաև ասել էր, որ իր ավագ եղբայրը մահացել է սրտի կաթվածից՝ 40 տարեկանում։
«Մայրիկս և հայրիկս արդեն թաղման տեղ են ամրագրել նրա կողքին։ Ես նրանց ասել եմ, որ չեմ ուզում հաջորդը լինել»,- ասել էր բռնցքամարտիկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







