ԱՄՆ պետական դեպարտամենտի արտահանման վերահսկման ու սահմանային անվտանգության ծրագրի շրջանակում Հայաստանը նվիրատվություն կստանա «Տոյոտա» մակնիշի 10 ավտոմեքենա։ Նախագիծը հաստատվեց կառավարության նոյեմբերի 20-ի նիստում:
Մեքենաներն ամրացվելու են ԱԱԾ սահմանապահ ծառայությանը: Որոշման նախագծի համաձայն՝ դրանք են 2025 թվականի արտադրության Toyota Fortuner, Toyota Prado, Toyota Hiace, ընդհանուր՝ 500 000 դոլար արժեքով:
Նախագծով նախատեսված գույքի շահագործման և սպասարկման հետ կապված ծախսերը կիրականացվեն Ազգային անվտանգության ծառայությանը պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: Նախագծի ընդունումից հետո պետբյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Նախագծի ընդունման արդյունքում գույքը կամրացվի Ազգային անվտանգության ծառայությանը` սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով, ասված է հիմնավորման մեջ:





































