Հայկական ԱԷԿ-ում, ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման հաջող ավարտից հետո, մեկնարկել է նոր՝ ռազմավարական նշանակություն ունեցող փուլ. իրականացվում են ռեակտորի իրանի մետաղի վիճակի մշտադիտարկման և հսկողության աշխատանքներ, հայտնում են ԱԷԿ-ից։
Նշվում է, որ այս գործընթացը երկրորդ էներգաբլոկի անվտանգության, հուսալիության և երկարաժամկետ շահագործման ապահովման հիմնարար բաղադրիչներից մեկն է։ Ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումից հետո 2024 թվականին ռեակտորի ներսում տեղադրվել էին ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորների համար նախատեսված նմուշ-վկաներով համալրված լրակազմների շարաններ։ Դրանք տեղադրվել են հատուկ նախատեսված տեղակայնքներում՝ որպես ռեակտորի մետաղի հատկությունների փոփոխությունները վերահսկող։
«Այժմ կատարվել է ուսումնական լրակազմերի դուրսբերումը ռեակտորից և դրանց տեղափոխումը մասնագիտացված լաբորատորիա՝ մանրամասն հետազոտություններ անցկացնելու համար, որի արդյունքները կօգտագործվեն ռեակտորի իրանի մետաղի վիճակի, մնացորդային պաշարների ճշգրիտ գնահատման համար շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըդգծվում է, որ այս փուլով Հայկական ԱԷԿ-ը ոչ միայն ամրապնդում է իր տեխնիկական անվտանգությանը, այլև հաստատում է, որ կայանը շարունակում է գործել ըստ բարձրագույն միջազգային չափանիշների՝ ապացուցելով իր տեխնոլոգիական զարգացումն ու պատասխանատու վերաբերմունքն ատոմային էներգետիկայի անվտանգ շահագործման նկատմամբ։
Սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱԷԿ-ի անվտանգ գործունեությունը ՀՀ համար ռազմավարական առաջնահերթություն է։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Ատոմային էներգիայի դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չուդակովը նշել էր, որ Հայաստանի համար առավել տրամաբանական կլինի կառուցել ռուսական նախագծով նոր էներգաբլոկ։
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում հավանություն էր տվել նախագծին, որով Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման ծրագրի ֆինանսավորումը կավելանա։ Նախագծով նախատեսվում է բյուջեից լրացուցիչ շուրջ 1 մլրդ դրամ ուղղել ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար։




































