Արմավիրում հոկտեմբերի 9-ին 9 քաղաքացի է թունավորվել, տուժածներից 4-ը հոսպիտալացվել են, 5-ը՝ ստացել ամբուլատոր բուժում, հայտնել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգել են, որ նույն օրը՝ գիշերը 22։00-23։00-ն ընկած հատվածում, Արմավիրի բժշկական կենտրոն դիմած 9 քաղաքացիները սննդային տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշում են ունեցել։
ՍԱՏՄ-ից հավելել են, որ նրանք կերել են Արմավիր քաղաքի Հանրապետության 32/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտից (պոնչիկանոց) գնված «լահմաջո» և Հանրապետության 14 հասցեում գործող «Ռինգո» սննդի կետից գնված «պոնչիկ»։ Տեսչական մարմնից տեղեկացրել են, որ ձեռնարկվել են վերահսկողական միջոցառումներ:
«Նշված հանրային սննդի կետերում առկա սննդամթերքից կատարվել է նմուշառում և հանձնվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհրապարակվեն, դրանց հիման վրա կձեռնարկվեն համապատասխան լրացուցիչ գործողություններ»,- եզրափակել են ՍԱՏՄ-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







