Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Արցախի պետական պաշտոնյաներն այսօր տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են հայրենազրկված արցախցիների առջև առաջացած մարտահրավերների հաղթահարմանը և արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Հանդիպման ժամանակ նրանք անդրադարձել են Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին և արցախցիների հետ բնակության վայրերում տարվող աշխատանքներին։
Զրուցակիցները կարևորել են միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող պատանդառվածների և ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների հայտնաբերման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերի համատեղ բարձրաձայնումը։
Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերին Վատիկանում կայացած հանդիպման ընթացքում Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ խոսել էր Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին՝ Ադրբեջանի օկուպացիայի պայմաններում։ Նա նաև ընդգծել էր Բաքվում գտնվող հայ ռազմագերիների և պատանդների ազատման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։




































