ՍԱՏՄ-«Ռոսսելխոզնադզոր» համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների արդյունքում ևս 11 կազմակերպության (մոտ 10 հեկտար) տրվել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Նշվում է, որ արդեն 32 կազմակերպության (մոտ 95 հեկտար) թույլատրվել է ծաղկի արտահանումը ՌԴ։ Առաջիկայում կտրամադրվեն արտահանման նոր արտոնագրեր նոր կազմակերպությունների։
Համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության իրականացման կարգի մասին հիմնադրույթի՝ բեռի նշանակման վայրերում բեռները ենթակա են կարանտինային բուսասանիտարական հսկողության։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ին հայտնել էր, որ Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ ավելի հաճախ են հայտնաբերում «ԵԱՏՄ երկրների համար վտանգավոր» արտադրանք, որը ենթակա է կարանտինային վերահսկման։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն էին առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք հուլիսի 9-ին և հուլիսի 14-ին բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ պահանջելով խնդրին լուծում տալ։ Ծաղկեգործներից մեկը նաև հայտարարել էր, որ հայկականի անվան տակ թուրքական ու պարսական ծագման ծաղիկներ են արտահանվել ՌԴ։
ՍԱՏՄ գրասենյակում հուլիսի 15-ին տեղի էր ունեցել փակ հանդիպում դեպի Ռուսաստան հայկական ծաղիկներ արտահանողների հետ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն հերքել էր տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան։






































