Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած այն նախագիծը, որով առաջարկվում է բոլոր թոշակների վճարումները՝ որոշ բացառություններով, իրականացնել անկանխիկ՝ բանկային քարտերի եղանակով։ Խնդիրը, սակայն, ընդունում է նաև կառավարության ներկայացուցիչը․ ոչ բոլոր համայնքներում կան բանկային ենթակառուցվածքներ։
Անդրադառնալով նախագծին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ կա խնդիր և կարևոր չէ, ով է առաջարկն արել, այլ կարևոր է համատեղ լուծում ստանալ։
«Բնականաբար, երբ կառավարության նախագծերը բերում են, իշխանության պատգամավորները պաշտպանում են այդ նախագծերը, ընդդիմությունը պետք է քննադատի դրանք՝ գտնելով թերությունները: «Իմ քայլը» պետք է լսի այդ քննադատությունները, ականջալուր լինի և փորձի վերլուծելով հասկանալ՝ արդյոք այս առաջարկը առողջ առաջարկ է, թե ձևական: Բնական է, որ մենք փորձելու ենք նախագծերի խոցելի տեղերը ձույց տալ»,- ասաց Բագրատյանը:
Նա նկատեց, որ գյուղում իրենց տանը նստած մեր տատիկ-պապիկները, դժվար թե կարողանան բանկոմատից փող ստանալ։
«Պատկերացնո՞ւմ եք 90 տարեկան տատիկի բանկոմատի դիմաց կանգնած: Դեռ մի 30 կմ էլ պետք է գնա, որ հասնի մոտակա քաղաքը, որտեղ կա բանկոմատ: Տեխնիկապես դա հնարավո՞ր է, թե ոչ»:
Սերգեյ Բագրատյանը մեկ այլ փաստարկ բերեց. «Կամ թոռնիկները խնդրում են, ասում են՝ տատիկ ջան, մի հատ երաշխավորի այս վարկը: Տատիկը ո՞նց կարող է մերժել, ստորագրում է, մեկ էլ տեսար 30 տոկոս բռնագանձում եկավ: Այսինքն այդ թոշակների 30 տոկոսը ԴԱՀԿ-ն կտանի»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ օրենքին դեմ չի, բայց պետք է լուրջ մտածել դրա կիրառման մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







