«Տաշիր» բարեգործական հիմնադրամը լրացուցիչ միջոցներ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված խնդիրներին աջակցելու նպատակով։ Այս մասին նշվում է Հիմնադրամի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Միջոցների մի մասն ուղղվելու է կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանի տարածքում մնացած Հայաստանի քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը։
«Մենք շատ ուշադիր հետեւում ենք Հայաստանում իրադարձությունների զարգացմանը եւ անհրաժեշտ ենք համարում շարունակել մեր աջակցությունը՝ ուղղված բնակչությանն ու բժշկական հաստատություններին, կորոնավիրուսի դեմ պայքարում։ Պատասխանատվություն զգալով բոլոր նրանց հանդեպ, ովքեր տուժել են համաճարակից եւ այսօր չեն կարողանում տուն վերադառնալ՝ լրացուցիչ միջոցներ ենք ուղղում, որպեսզի այդ մարդիկ կարողանան հայրենիք գալ»,- նշել է Հայաստանում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Դրանցից 50 մլն ուղղվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին (հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար), 50 մլն դրամը՝ ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։
«Բացի այդ՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ որոշակի քանակության դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել ու ախտահանիչ միջոցներ է տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, Էջմիածնի քաղաքապետարանին, ինչպես նաեւ Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երեւանի Նորքի եւ թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու եւ Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ)»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







