Մինչև 14 տարեկան երեխա ունեցող և 2020 թվականի մարտի 13-25-ը գործազուրկ դարձած ծնողները միանվագ նպաստ կստանան։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում:
Այս ծրագիրը միանվագ սոցիալական աջակցություն է անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին:
Միջոցառման շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա, և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝
— Երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում,
-Ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել,
— Ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած,
-Միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։
Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար կամ 100 000 դրամի սահմաններում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







