Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոյի ուղեկցությամբ այցելել է Բելառուսի պետական համալսարան և հանդիպել բուհի ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած մամուլի հաղորդագրությունից։
Իգոր Կարպենկոն նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է հայ-բելառուսական կրթության և գիտության ոլորտներում ձևավորված համագործակցության մասին և նշել, որ Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի այս ոլորտներում համագործակցության խորացմամբ։
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ ունեն։
ՀՀ նախագահը այցելել է Բելառուսի բարձր տեխնոլագիաների պարկ և նշել, որ ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ, իսկ տեխնոլոգիաները՝ կրթության։ Գիտության ու տեխնոլոգիաների զարգացումն առանց կրթության չի կարող լինել։
Բելառուսի բարձր տեխնոլոգիական պարկը միավորում է տեղեկատավական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 570 ընկերություն, որոնք զբաղվում են ծրագրային ապահովումների, հավելվածների մշակումներով, ՏՏ խորհրդատվությամբ, համակարգչային, ժամանցային խաղերի ստեղծումով և այլն ։
Արմեն Սարգսյանը խոսել է նաև նախագահական նախաձեռնությունների, մասնավորապես գիտական, ինժեներական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին և նշել, որ ուրախ կլինի այդ ձևաչափում նույնպես համագործակցել բելառուսական ընկերությունների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







