Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների 7 ծնող հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը։
Նա նշեց, որ մեկ ամսից ավելի է, ինչ դիմել են վարչապետի հետ հանդիպելու համար, այսօր Փաշինյանն ընդունել է իրենց։
«Մեր տղաների գործը նախաքննության փուլում է։ Մենք հաղորդում ենք տվել, որ մեր տղաները զոհվել են հրամանատարի անփութության հետևանքով։ Այդ հարցի շրջանակում ենք հանդիպել Փաշինյանի հետ։ Ներկա են եղել նաև Շիրակի մարզից անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողները»,- մանրամասնեց զոհված զինծառայողի հայրը։
Նրա փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նրանց ոչինչ չի ասել, միայն հավաստիացրել է, որ գործով քննություն կտարվի։
Հիշենենք, որ արդեն երկու օր է՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Այսօր նրանք իրենց բողոքի ձայնը բարձրացրել են նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մոտ։
Նրանց հետ հանդիպել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն, հանդիպումն ընդհատվել է, երբ ծնողները վարկարկել են՝ «Նիկոլ դավաճան»։ Ծնողների հետ հանդիպել է նաև գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազ Արմեն Մուրադյանը։ Հանդիպման ժամանակ դատախազը նշեց, որ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է 5-օրյա ժամկետ՝ միջնորդության լուծման համար, ինչից հետո իրավիճակը լարվեց, ծնողների և դատախազության ներկայացուցիչների միջև վիճաբանություն տեղի ունեցավ, ապա ծնողների մի մասը որոշեց գիշերել դատախազության շենքի մոտ՝ պահանջելով առավել սեղմ ժամկետներում միջնորդությանը լուծում տալ։
Իսկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ միջնորդությունը, որտեղ ծնողները պահանջում էին իրենց զոհված զավակներին ճանաչել տուժող, իսկ իրենց՝ իրավահաջորդներ, ըստ էության, բավարարված է։ Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ հաջորդ միջնորդությունը, որը ներկայացրել էր Արա Զոհրաբյանը և պահանջում էր Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ գործում ներգրավել, ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 13-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ հայտարարել էր, թե կարող էր կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, ունենալու էին նույն արդյունքը, առանց զոհերի, բայց ինքը չի կանգնեցրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







