Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հուլիսի 24-ին հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
ՀՀ ԱԳ նախարարը ամփոփել է Վրաստան կատարած այցի առաջին օրվա ընթացքում ունեցած հանդիպումները՝ վերահաստատելով Վրաստանի հետ դարերի խորքից եկող եղբայրական հարաբերություններն առավել ամրապնդելու Հայաստանի պատրաստակամությունը:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում ունեն տարբեր խնդիրներ, երկու երկրներին միավորում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգի, սեփական ժողովուրդների բարեկեցությանը նպաստող միջավայր ստեղծելու ընդհանուր շահը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց այն կամրջող դերակատարությունը, որ ունի վիրահայ համայնքը երկու երկրների, երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և երկկողմ օրակարգի առաջմղման գործում:
«Անչափ կարևոր է, որ դուք՝ որպես Վրաստանի քաղաքացիներ, Վրաստանի հասարակական կյանքի մասնակիցներ, Վրաստանի բարեկեցության, զարգացման մասնակիցներ, նաև ձեր արմատների, ձեր ինքնության պահապանն եք: Դուք նաև կարևորագույն կամուրջ եք մեր երկու ժողովուրդների, պետությունների միջև՝ ներդրում ունենալով երկկողմ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու գործում։ Բոլորս գիտենք, որ առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների որպես համայնք, սակայն իմ կարծիքով մեր համայնքների և, մասնավորապես, այս համայնքի յուրահատկությունն այն է, որ սա ոչ թե ուղղակի մարդկանց խումբ է, որոնք տարին մի քանի անգամ կարող են հավաքվել միասին սուրճ խմելու համար, այլ հայ համայնքի կարողությունն արտահայտվում է իր ինստիտուցիոնալ կազմակերպման մեջ։ Մենք ունենք ինստիտուցիոնալ առումով մեր ինքնությունն արտահայտելու տարբեր ձևեր»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը հայկական համայնքին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների, Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:
Վիրահայ համայնքի հետ հանդիպումից առաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել էր Թբիլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցի: