Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմական Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան։
Գյուրունի շրջանի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում Այսօր այն հայտնվել էր հիմնովին փլուզվելու վտանգի առջև։
Վերանորոգման համար հատկացվել է 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա։ Եկեղեցու վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են։
Գյուրունի քաղաքապետ Նամի Չիֆթչին հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո հայկական եկեղեցին բացվելու է որպես թանգարան և զբոսաշրջության զարգացման կենտրոն։
Նշենք, որ Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով:
Բնակավայրում եղել է մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ. Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







