Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 1-ի երեկոյան տեսակապի միջոցով միացել է «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ի մասնակիցներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել սամմիթի ընթացքով և պատասխանել նրանց հարցերին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ նախագահը նշել է, որ «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ը հրաշալի նախաձեռնություն է, շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին այն կյանքի կոչելու համար և համոզմունք հայտնել, որ այն մեծ հաջողություն կունենա:
Արմեն Սարգսյանի պատկերացմամբ Հայաստանը ապագայում պետք է ուժեղ ներկայություն ունենա բարձր և նոր տեխնոլոգիաների ոլորտում և լինի ստարտափի երկիր և միգուցե, մի օր մենք հնարավորություն կունենանք հռչակել Հայաստանը աշխարհի ստարտափի մայրաքաղաք։
Խոսելով ստարտափերի հետագա զարգացման հեռանկարների ու պայմանների մասին՝ ՀՀ նախագահն առաջին հերթին կարևորել է որակյալ կրթության դերը։
«Հայաստանն առաջատար երկրների շարքում դասելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ, և դրանցից մեկը կրթության բարձր որակն է։ Բարձր որակի կրթություն բոլորի համար՝ սկսած Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ գյուղեր։ Յուրաքանչյուր ուսուցչի հիմնական առաքելությունն է գտնել տաղանդավորներին, և ստարտափը կօգնի մեզ գտնել տաղանդներ»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Հաջորդ կարևոր գործոնը Արմեն Սարգսյանը համարել է միջազգային առաջատար ընկերությունների ներկայությունը Հայաստանում, որոնք միջավայր կստեղծեն ստարտափերի զարգացման համար։
«Մենք չենք կարող միայն ստարտափ կամ լավ գաղափարներ ստեղծել, եթե չունենանք գիտության և նոր տեխնոլոգիաների ենթակառուցվածքներ։ Այդ իսկ պատճառով աշխատում ենք մի շարք խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են IBM-ը, Google-ը, Leonardо-ն՝ ապահովելու նրանց ներկայությունը Հայաստանում: Եթե միջազգային խոշոր ընկերությունները ներկա լինեն Հայաստանում, նրանք զարգացման հատուկ որակ կթելադրեն»,- նշել է ՀՀ նախագահը։
Մյուս կարևոր գործոնը նախագահը համարել է փոխկապվածությունն աշխարհի հետ։
Ըստ Արմեն Սարգսյանի՝ Հայաստանը բնական եղանակով կապված է աշխարհի հետ, քանի որ հայերն ապրում են ամենուր։ Բազմաթիվ տաղանդավոր հայեր աշխատում են Կալիֆոռնիայում, Սիլիկոնյան հովտում։ Կարևոր է ստեղծել հանգույց բոլորի միջև և ոչ միայն՝ հայերի: 21-րդ դարը լինելու է այն երիտասարդներինը, որոնք ունեն հավակնություն և խիզախություն՝ մարտահրավեր նետելու և ներկայացնելու իրենց նոր գաղափարները:
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է բարենպաստ վայր լինի երիտասարդ տաղանդների համար։
«Երիտասարդ տաղանդները միշտ փնտրում են համապատասխան միջավայր, և այդ միջավայրը 21-րդ դարի տեխնոլոգիական տարածքն է: Այնպես որ, Հայաստանը պետք է ունենա նման տարածք»։
Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս աջակցել «Սևան ստարտափ»-ին։
Նշենք, որ «Սևան ստարտափ սամմիթ 2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից և 45 տարբեր երկրներից, ինչպես նաև ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է, ինչպես նաև բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև անկաշկանդ կապի հաստատումը։
«Սևան ստարտափ սամմիթ»-ի մասնակից թիմերի համար 2018 թ․ սահմանված է և հանձնվում է նաև Հանրապետության նախագահի մրցանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







