Այն սկսվել է հայ ժողովրդի պատմության կարևորագույն դրվագներին նվիրված բեմականացված ներկայացմամբ, որին ուղեկցել է լազերային շոուն: Լուսային ու ձայնային էֆեկտներով ու ժամկետային զինծառայողների մասնակցությամբ կայացած ներկայացման ընթացքում ներկաները ականատես են եղել մեր ժողովրդի անցած ուղուն՝ Հայկ Նահապետից մինչև մեր օրեր:
Այնուհետև աշխարհի 35 երկրներից ու 161 քաղաքներից ժամանած պատվիրակությունները շքերթով անցել են մարզադաշտով: Ընդհանուր առմամբ մազական պատվիրակությունների թիվը հասնում է 5244-ի:
Համահայկական խաղերը մեկնարկել են ուղիղ 20 տարի առաջ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ Համահայկական խաղեր անցկացնելու գաղափարը տարեցտարի ամրանալու և ցեմենտելու են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հիմքերը:
«Ժամանակից աշխարհում մարզական և մշակութային միջոցառումները հզոր գործիքներ են այլ մեծ խնդիրներ բարձրացնելու և լուծելու համար: Համահայկական խաղերի ջահի վառման շրջանակներում մենք իրականացրեցինք պատմական առաջին թռիչքը Երևանից Վան, մենք ունեցանք բավականին հետաքրքիր հանդիպումներ տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում քննարկվեց Համահայկական 8-րդ խաղերը Վան-Երևան-Գյումրի-Ղարս ձևաչափով անցկացնելու գաղափարը»,-նշել է Իշխան Զաքարյանը:
Իշխան Զաքարյանը իր ելույթում նաև շնորհակալություն է հայտնել միջոցառման հովանավորներին, այդ թվում ՝ գլխավոր հովանավորին ՝ «Տաշիր» ընկերությունների խմբին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ նման բարձր մակարդակի միջոցառում կազմակերպել:
Խաղերի բացման արարողությունը եզրափակվել է հրավառությամբ և համերգային ծրագրով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







