Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Մեջլիսին կրկին 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը ուսումնասիրելու առաջարկ է արել։
1955 թվականի այդ օրերին Ստամբուլում հայերը, հույները և հրեաները ենթարկվել էին կոտորածի ու կողոպուտի: Նախորդ տարի նույնպես Կարո Փայլանը նման առաջարկ էր արել նաև Թուրքիայի մեջլիսի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմընին,սակայն այն ետ էր ուղարկվել։
Այս անգամ Փայլանը նորից առաջարկել է հանձնաժողով ստեղծել, մեղավորներին պատժել և տուժած անձանց ու կառույցներին փոխհատուցում տրամադրել։
Թուրքիայի մեջլիսը տեղի ունեցած դեպքերի մեղավորներին հայտնաբերելու համար որևէ քայլ մինչ օրս չի արել։
Կարո Փալյանի խոսքով՝ այդ իրադարձությունները Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցած ծանր դեպքերից են, որոնց հետ պետությունը չի առերեսվել։
«Պաշտոնական տվյալներով, միայն Ստամբուլում ավերվեց 73 եկեղեցի, հույների 8 հոգևոր կենտրոն, 2 մենաստան։ Այրվեց հույներին պատկանող 3584՝ տուն 5538 աշխատատեղ։ Նոր ապացույցների համաձայն՝ այդ դեպքերի ժամանակ 60 կին ենթարկվեց սեռական բռնության, մի շարք մարդիկ էլ սպանվեցին։ Տեղի ունեցած դեպքերի մեղավորները անպատիժ մնացին և հազարավոր հայեր, հույներ և հրեաներ, ենթարկվելով ճնշումների և սպառնալիքների, ստիպված եղան լքել երկիրը»,- ասել է Կարո Փայլանը։
Հիշեցնենք, որ 1955-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան Ստամբուլում թուրքական մամուլը կեղծ լուր էր տարածել Սալոնիկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան պայթեցման մասին։ Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն Ստամբուլի, Իզմիրի, Անկարայի ու մի շարք այլ քաղաքների քրիստոնեաբնակ թաղամասերի վրա թուրք ազգայնականների զանգվածային հարձակումները չկանխվեցին։
Ըստ թուրքական մամուլի՝ դեպքերի ժամանակ մահացել է 11 հոգի: Մինչդեռ հայ և հույն համայնքների պնդմամբ՝ մահացածների թիվն ավելի շատ է: Դեպքերի ընթացքում ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ: Այս հարձակումները պատճառ դարձան բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթելուն, նոսրացան հայ և հույն համայնքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







