Հայ ազգի հերոս Հունան Ավետիսյանը, ով նաև հայտնի Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիայի անդամ էր, ծնվել է Սյունիքի մարզի Ծավ գյուղում։ Սյունեցու քաջարի ոգին հետագայում պիտի արտահայտվեր հերոսի կենսագրության մեջ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունան Ավետիսյանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանության և Նովոռոսիյսկի ազատագրման մարտերին։ Ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը հրաձգային դասակի հրամանատար էր և նրա դասակը 1943 թվականի սեպտեմբերի 16-ին մասնակցել է նացիստական հենակետային ամրությունները ոչնչացնելու գործողություններին։ Առաջադրանքը կատարելիս վիրավոր Հունանն իր մարտիկներով առաջինն է բարձրացել լեռը, կրծքով փակել հակառակորդի գնդացրի հրակնատը և ապահովել գրոհի հաջողությունը:
Հունան Ավետիսյանի մարմինն ամփոփված է Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկի շրջանի Վերխնեբականսկ ավանի եղբայրական գերեզմանոցում: Նրա անունն ընդմիշտ գրանցվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում:
Ավետիսյանի հիշատակին կանգնեցվել են հուշարձաններ Երևանում ( որն ապամոնտաժվել է 1994 թ-ին), Արմավիրում, իր հարազատ ծննդավայր Ծավում, Վերխնեբականսկում: Նրա անունով են կոչվել մի շարք դպրոցներ և փողոցներ: Հունան Ավետիսյանն իր սխրանքով անմահացել և դարձել է հերոս և քաջության դրսևորման համաշխարհային օրինակներից մեկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







