Վերածննդի հայրենիք կամ «Իտալիայի Աթենք» կոչվող քաղաք-թանգարան Ֆլորենցիան համարվում է մշակութային հին կենտրոն և ներառված է Յունեսկոյի մշակութային ժառանգության ցանկում։
Բազմաթիվ թանգարաններ և պատկերասրահներ ունեցող Ֆլորենցիան չի դադարում գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, ովքեր ամեն տարի գալիս են տեսնելու այս հրաշք քաղաքը։ Քաղաքի խորհրդանիշն է համարվում մայր տաճարը՝ հայտնի Սանտա Մարիա դել Ֆիորեն անունով։ Այն գտնվում է Ֆլորենցիայի կենտրոնական հրապարակում և երևում է քաղաքի գրեթե բոլոր հատվածներից։ Սակայն պակաս կարևոր պատմական և մշակութային նշանակություն չունի տաճարից քիչ հեռու՝ մի բարձր լեռան վրա գտնվող բազիլիկան, որը հայտնի է Սան Մինիատո Ալ Մոնտե անվանումով։ Այն համարվում է Տոսկանայի հռոմեական կառույցներից և Իտալիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։
Այս չքնաղ եկեղեցու հետ է կապվում Սուրբ Մինասի կամ Սուրբ Մինիատոյի անունը, ում պատվին էլ անվանակոչվել է եկեղեցին։Մինասը հայ իշխան էր, ով հավատարիմ ծառայեում էր Դեցիուս Տրայանուս կայսերը, սակայն քրիստոնեություն ընդունելուց հետո թողնում է պետական ծառայությունն ու մեկուսանում Տոսկանիայի քարանձավներից մեկում՝ որոշելով ապրել ճգնավորության մեջ։ Ավանդությունը պատմում է, որ կայսրն այս քայլը համարում է դավաճանություն և նետում նրան գազանների մոտ, սակայն գազանները նրան մոտ չեն գալիս և կայսրը հրամայում է կտրել նրա գլուխը։ Ըստ նույն ավանդության՝ Մինասի գլուխը կտրելուց հետո նա ոտքի է կանգնում, վերցնում իր գլուխը և գնում դեպի նույն քարանձավը։
Այդ քարանձավի տեղում 4-րդ դարում կառուցվել է փոքրիկ մատուռ, որը կրել է Սուրբ Մինասի անունը, սակայն 1018 թվականին քաղաքի եպիսկոպոսներից մեկի նախաձեռնությամբ մատուռը քանդվում է ու փոխարենը կառուցվում է բազիլիկան, որն այսօր էլ համարվում է Ֆլորենցիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։
Ֆլորենցիայի ամենաբարձր կետերից մեկում՝ Մոնտե Ալեգրոչի բլրի վրա, երևում է սպիտակ հրաշագեղ կոթողը, որին հասնելու համար հարկավոր է անցնել երկար ճանապարհ։ Սակայն դա չի խանգարում աշխարհի տարբեր անկյուններից եկող զբոսաշրջիկներին գնալ և տեսնել Ֆլորենցիայի չքնաղ կոթողներից մեկը։
Սպիտակ և կանաչ մարմարից կառուցված այս շինությունը շլացնում է իր գեղեցկությամբ։ Սյունաշարերի բաժանված բազիլիկ կառուցվածքով անտիկ տաճարը մինչև 15-րդ դարը վերանորոգվել է հանրահայտ իտալացի նկարիչների և քանդակագործների կողմից և մինչ օրս շարունակում է ունենալ շքեղ ներքին հարդարանք և կառուցվածք։ Այս հրաշագեղ կոթողին են կցված զանգակատունը, գերեզմանատունը, եպիսկոպոսների պալատը և վենետիկյան վանքը, որը 1530 թվականին Միքելանջելոն վերածել է ամրոցի, իսկ Ջուզեպպե Պոջին ավելացրել է մարմարե հսկայական սանդուղք։ Եկեղեցու ներսում մի հսկայական խճանկար կա, որը հայտնի է ամբողջ աշխարհում։ Այստեղ պատկերված է Քրիստոսը, որի աջ կողմում գտնվում է Մարիամ Աստվածածինը, իսկ ձախ կողմում Մինասն է՝ Ֆլորենցիայի քրիստոնյա առաջին ճգնավորը, ով թագ է դնում Քրիստոսի գլխին։ Տաճարից բացվում է չքնաղ տեսարան։
Պատմամշակութային այս կոթողն անժխտելիորեն արժանի է, որպեսզի այցելեն աշխարհի տարբեր անկյուններից՝ ծանոթանալու ոչ միայն նրա բացառիկ ճարտարապետական տեսքին, այլև իմանալու, որ առաջին քրիստոնյա ճգնավորը, ով ընդդիմացել է հանուն հավատի, հայ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







