ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն սեպտեմբերի 26-ին մասնակցել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոն, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, ՀՀ մարզպետներ, համայքների ղեկավարներ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող գործընկերներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Հանդիպման ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը գործառնական առումով խիստ կարևորել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանը միտված ծրագրի 2-րդ փուլի մեկնարկը, որի նպատակն է համապատասխան տեղական կարողությունների զարգացման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրման միջոցով ապակենտրոնացնել և տարածքային ու տեղական մակարդակ իջեցնել գործադիր իշխանության մի շարք ծառայություններ։
«ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը դարձնել ոչ միայն պետական քաղաքականության առաջնահերթություն, այլև յուրաքանչյուր համայնքի գիտակցված պատասխանատվություն և հրամայական»,-նշել է նախարարը։
Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոտոն պատրաստակամություն է հայտնել ապահովել անհրաժեշտ այն ռեսուրսների առկայությունը, որոնք պակասում են Հայաստանում տեղական նշանակության կարիքների գնահատման համար: «Մեր բոլոր ջանքերն ուղղված են տեղական ինքնակառավարման համակարգն ավելի կայուն և ուժեղ դարձնելուն»,- նշել է դեսպանը :
Իր հերթին Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆ գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և մասնավորապես ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ ծավալված արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ հավելելով, որ իրենք հակված են գործադրել առավելագույն ջանքերը, որպեսզի Հայասանում տեղական ինքնակառավարումը թափանցիկ և հաշվետու դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն:
«Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» 2-րդ փուլ ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից: Ծրագիրն իրականացվելու է Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH- ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) և Եվրոպայի խորհրդի (CoE) կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







