ԱՍԱԼԱ խմբի չորս մարտիկներն իրականացրին «Վան» գործողությունը։ Նպատակն էր ևս մեկ անգամ բարձրաձայնել Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի կորուսյալ տարածքների հարցը:
Վազգեն Սիսլյան, Արամ Պասմաճյան, Հակոբ Ջուլֆայան, Գևորգ Կյուզելյան. 1981 թվականի սեպտեմբեր ամսվա այս օրերինին իրականացրին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի «Վան» գործողությունը։ Զինված ատրճանակներով, ինքնաձիգներով ու պայթուցիկներով ԱՍԱԼԱ-ի մարտիկները գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը՝ 15 ժամ պահելով իրենց հսկողության տակ:
59 պատանդ պահելով` չորս մարտիկները ֆրանսիական կառավարության միջնորդությամբ բանակցությունների մեջ մտան թուրքական կառավարության հետ: Նրանց պահանջները թուրքական կառավարությունը չընդունեց:
Պատմական էր «Վան» գործողության չորս մարտիկների դատավարությունը, որը կայացավ 1984 թվականի հունվարի 24-31-ը: Դա առաջին քաղաքական դատավարությունն էր 1921 թվականի Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունից ի վեր: Չորս մարտիկների դատավարությունը վերածվեց Թուրքիայի դատապարտության ամբիոնի:
Նրանց պաշտպանում էր Ֆրանսիայում հայտնի փաստաբանների մի խումբ՝ Լեկլերկ, Թեյջան, Սինյար, Պատրիկ Դևեջյան, Ասլանյան, Փեշտիմալջյան: Դատավարությանը ելույթ ունեցավ Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի այրին` տիկին Մելինեն։ Վերջինս նախագահից թույլտվություն խնդրեց համբուրել չորս տղաների ճակատը, ինչին նախագահն ընդառաջեց բացառության կարգով: Ընթերցվեցին նաև Շառլ Ազնավուրի և Անրի Վեռնոյի նամակները:
Ֆրանսիայի դատարանը չորսին էլ դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Չորս մարտիկներից բանտից կենդանի դուրս եկան երեքը։ Տղաներից Արամ Պասմաճյանը 1985 թվականին ինքնասպան եղավ: Նա թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Մյուս երեքը՝ Վազգենը, Գևորգն ու Հակոբը ազատ արձակվեցին ժամկետից շուտ` 1986 թվականի օգոստոսին, ու վերադարձան Լիբանան: Տարիներ անց, երեքն էլ հաստատվեցին Հայաստանում։ Այստեղ Գևորգ Կյուզելյանը, «Մեծն Մուրադ» ջոկատի հրամանատարությունն ստանձնելով, մասնակցեց Արցախյան ազատամարտին:
«Վան» գործողության հիման վրա ժամանակակից գրող ու թատերագիր Պերճ Զեյթունցյանը գրել է «Փարիզյան դատավճիռ» պիեսը, որը Արմեն Խանդիկյանը բեմադրել է Դրամատիկական թատրոնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







