ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան կայքէջում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ սկսում են շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը
Հայտարարության մեջ նշվում է, որ այս պահին մարզերից բջջային և IP հեռախոսակապով 103 զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի ՇՕ կայանին (բացի Վիվասելի բաժանորդներից), որը սակայն չի սպասարկում մարզերի կանչերը, այլ ուղղակի քաղաքացուն է փոխանցում մարզի տվյալ կայանի հեռախոսահամարը և քաղաքացին ստիպված է լինում կատարել երկրորդ զանգը մարզային համապատասխան կայան, ինչը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը:
Հայտարարության մեծ նշվում է, որ հավելյալ զանգից խուսափելու համար պիլոտային ծրագրի շրջանակներում Արարատի, Արտաշատի և Վաղարշապատի ՇՕ կայանների բոլոր կանչերը կգան Երևանի ՇՕ կայան և կփոխանցվեն համապատասխան կայան:
Նախարարը նշել է, որ ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա:
Արսեն Թորոսյանը հիշեցրել է նաև, որ վերջին 2 ամիսների ընթացքում Երևանի և մարզերի ՇՕ կայանները համալրվել էին հավելյալ հերթափոխներով, ինչը էականորեն բարելավել է կանչերի սպասարկման ժամանակը և որակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







