Խաչատուր Աբովյանի մասին լսելիս շատերս անմիջապես հիշում ենք «Վերք Հայաստանի» վեպը, սակայն քչերը գիտեն նրա կյանքի, Արարատի գագաթը բարձրանալու, դրա պատճառով նզովվելու և մերժված լինելու մասին:
1829 թվականին, Նիկոլայ I կայսեր հավանությամբ, Հայաստան է գալիս Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ Արարատ բարձրանալու մտադրությամբ: Դեռևս 1811-ին Պարրոտը Կազբեկի գագաթ էր բարձրացել ու այնտեղից նշմարել Արարատը: Պարրոտի արշավախումբը միայն հետաքրքրասիրությունից չէ, որ ցանկանում էր Արարատ բարձրանալ: Ընդլայնվող Ռուսական կայսրությունը գիտական ու ռազմական հետազոտություններ էր անում. տեղեկություններ էին անհրաժեշտ հողերի բերրիության, բնակչության թվաքանակի ու կազմի, բնական հումքի պաշարների մասին: Պարրոտի արշավախումբը թարգմանչի կարիք ուներ: Էջմիածինն ուներ ռուսերենին տիրապետող միայն մեկ թեկնածու՝ Աբովյանը: Նրան էլ հանձնարարվում է շրջել արշավախմբի հետ:
Երկարատև դաժան փորձերից հետո ի վերջո 1829 թ. սեպտեմբերի 27-ին արշավախումբը հասնում է Արարատի գագաթը:
Այս քայլը, որը հիմա ընկալվում է որպես հայրենասիրական, այն ժամանակ շատ թանկ արժեցավ Աբովյանի համար:Արարատի գագաթը բարձրանալը համարվում էր սրբապղծություն և Աբովյանին սկսում են հալածել բոլոր կողմերից:
«Սարսափելի հուսահատությունը դժոխային ուժով համակեց ինձ»,-այս օրերի մասին գրել է Աբովյանը:
Նշենք, որ այս իրավիճակից փրկության հույս էր Աբովյանի՝ Դորպատում պետական կրթաթոշակով սովորելու թույլտվությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







