Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է․
«Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ լրագրողներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը, այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում»:
Վարչապետը իր ուղերձում նշել է, որ մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում ՀՀ կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության քայլերի ապացույցներից է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. Հայաստանը 19 կետով բարելավել է իր դիրքերը և զբաղեցրել 61-րդ հորիզոնականը:
Վարչապետն իր ուղերձի եզրափակիչ մասում նշել է, որ մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր կա Հայաստանում, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն զարգանա։