Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում: Հենց տեղի հայ երիտասարդական միության կողմից կազմակերպված ֆորումին մասնակցելու համար Սփյուռքի գործերի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում էր:
Ինչպես հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանը կարևորեց սփյուռքում ծավալով ամենամեծ չորրոդ հայկական համայնքի նման ակտիվությունը և նախաձեռնողականությունը, ապա ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության այսօրվա օրակարգը:
«Հայ ինքնության պահպանման միակ ճանապարհն անցնում է Հայաստանով, սակայն սփյուռքահայերը, մասնավորապես՝ երիտասարդական շրջանակները պետք է ցանկանան ասոցացվել հայրենիքի հետ: Դա կարող է լինել մեկ դեպքում, եթե այդ հայրենիքը լինի կայացած և հզոր»,-ընդգծեց հանձնակատարը:
Երկար զրույց ծավալվեց հայրենադարձության, Հայաստանի կյանքին սփյուռքի ներգրավվածության շուրջ: Երիտասարդները հետաքրքրված էին գրասենյակի նոր ծրագրերով ու հաջորդ տարվա նախաձեռնություններով:
Ֆորումին մասնակցում էին նաև ազգությամբ հայ ներկայացուցիչներ երկրի խորհրդարանից, հասարակական, քաղաքական, փորձագիտական, բիզնես շրջանակներից: Երիտասարդական հետաքրքիր ձևաչափով նրանք ներկայացրին հաջողության իրենց պատմությունները, հայրենիքից հեռու ինքնությունը պահպանելու, արմատներին հավատարիմ մնալու, բնակության երկրի լիարժեք քաղաքացի լինելու և Հայաստանի հետ կապը պահպանելու կարևորությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







