ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը:
«Այս հարցը բարձրացրել էին հենց դպրոցականներն անցյալ տարի Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում ինձ հետ հանդիպման ժամանակ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։
Նախարարը նշել է, որ խորհրդի ստեղծման շնորհիվ կապահովվի հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը և դպրոցականների հետ դեմ առ դեմ ձևաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները:
«Երեխաների համաշխարհայի օրվա շրջանակում այսօր ևս հանդիպում ունեցա դպրոցականների հետ։ Քննարկման մանրամասների մասին կպատմեմ քիչ ուշ։ Շնորհակալություն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին նախաձեռնության համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







