Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքներում։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Համայքներից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքներում՝ ավագանու անդամի ընտրություններ:
Այսպիսով, համայնքապետ են ընտրում Արագածոտնի մարզի Կոշ, Թլիկ, Զարինջա, Հակո, Արմավիրի մարզի Նորապատ, Ալաշկերտ, Ֆերիկ, Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Լոռու մարզի Անտառամուտ, Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքներում:
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն և Շիրակի մարզի Անուշավան համայնքներում ընտրում են ավագանու անդամներ:
Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են անցկացվում Արագածոտնի Ավան, Արարատի մարզի Տափերավան համայնքներում, իսկ Նորաշեն և Ծիածան համայնքներում տեղի են ունենում ավագանու անդամի արտահերթ ընտրություններ:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 19 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 36 տեխնիկական սարքավորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







