«Քառյակ մեդիա»-ի հիմնադիրներ Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ։ Հայտարարությունում ասվում է.
«Անկախ ԶԼՄ-ի սեփականատիրոջ հանրային դիրքն այնպիսին է, որ չկայացած ժողովրդավարություններում ցանկացած քաղաքական իշխանություն կարող է գայթակղություն ունենալ «իրավական» գործիքակազմով ներազդել այդ անձանց վրա՝ իրական թիրախ ունենալով բուն լրատվամիջոցը:
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին լուրերը, առնվազն, նման տպավորություն են թողնում։ Հանրային իշխանությունների կողմից լրատվամիջոցների ազատությունը խոչընդոտող կամ այն կասկածի տակ դնող որևէ գործողություն դատապարտելի է և պիտի արժանանա հանրության աներկբա դիմադրությանը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է: Նա ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։ Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակներում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







