Հայաստանում գործող լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել, որով դատապարտել են «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության դեպքը ՝ իրավապահներից պահանջելով միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Արարատի մարզի Հովտաշեն համայնքում մի քանի տասնյակ բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի և օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա, հարվածել նրանց, վնասել տեսախցիկը։ Նկարահանող խմբին հաջողվել է փրկել տեղի ունեցածին վերաբերող նկարահանված կադրերի մի մասը, որոնցում պարզորոշ երևում է բռնության փաստը։
«Էպիկենտրոն» լրատվական գործակալության տնօրեն Վարդուհի Մելտոնյանի փոխանցմամբ, «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցներն, ի թիվս այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գնացել էին Հովտաշեն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարանի շուրջ ծագած խնդիրները լուսաբանելու։ Պահպանված կադրերում երևում է, որ բնակիչների կողմից հարձակումը եղել է թիրախավորված և նպատակ է ունեցել խոչընդոտել հենց տվյալ հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը»։
Կազմակերպության անդամներն իրենց վրդովմունքն են արտահայտում լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման և սանձազերծված բռնության կապակցությամբ և իրավապահ մարմիններից պահանջում են միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Հայտարարությանը միացել են հետևյալ կազմակերպությունները՝
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կոնտրոն
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
Հանրային լրագրողների ակումբ
«Լրագրողների հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավուքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







