Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի բնակիչները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը, ընդ որում «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ պայմանավորված` Գյումրի-Երևան ճանապարհի մի հատված անցնում է հենց Մարալիկով։
Բնակիչները պահանջում են չեղարկել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման որոշումը։
Նկատենք, որ ծննդատան փակման մասին, հայտարարել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019թ. դեկտեմբերին՝ Գյումրի կատարած այցի ընթացքում: Հիմնավորումն այն էր՝ 2019թ. ամփոփ տվյալներով` 106 ծնունդ է եղել այդ ծննդաբերական բաժանմունքում, ինչը առողջապահության նախարարության ցուցանիշներով` շատ փոքր է:
Ըստ տեղեկատվության՝ բնակիչների հետ հանդիպել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Սակայն բնակիչները և բաժանմունքի աշխատակիցները սպասում են առողջապահության նախարարության ներկայացուցիչներին։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ նախարարության աշխատանքային խումբն արդեն մեկնել է Մարալիկ` հանդիպելու բուժանձնակազմին, որոնք ծննդատան փակման պատճառով քաղաքացիների հետ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։