Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թ. հունվարի 28-ին, Երևանում։ Դպրոցում առանձնանում էր լեզուների իմացությամբ, բայց որոշում է սպորտով զբաղվել: 15 տարեկանում տեկվանդոյի եռակի չեմպիոն էր: Ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: ՀՀ Զինված Ուժերում էր 2007 թվականից: 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար։
Նա այն հերոսներից էր, ով Ապրիլյան պատերազմի ժամանակ կռվեց մինչև վերջ․ ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության. հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ:
Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից: Նրա հետ զոհվել է նաև ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գտնվել գումարտակի հրամանատարության հետ. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»,- եղել է Ուրֆանյանի վերջին նախադասությունը:
Ուրֆանյանի, Սլոյանի զոհվելուց հետո դիրքն անձնազոհաբար պաշտպանել է Աբաջյանը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորների:
2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







