«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում տեղի է ունենում բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգիստը։ Վերջին հրաժեշտը՝ հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեծ Պարնի համայնքում: Հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել «Ֆրանսիայի հրապարակ»-ի մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի։
Հիշեցնենք, որ հայ մեծանուն բանաստեղծը մահացել է երեկ՝ 81 տարեկան հասակում։ Հայ գրականության նշանավոր ներկայացուցիչն ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ էր, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Ռազմիկ Դավոյանը 1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1989 թվականից եղել է «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահը, 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահը, իսկ 1994-1996 թվականներին` Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ։ 1999-2003 թվականներին նա եղել է ՀՀ նախագահի խորհրդական։ 2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս էր։ Ռազմիկ Դավոյանը բազմաթիվ պետական պարգևների է արժանացել։ 2017-ին արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







