Հայաստանում բժիշկները հսկողության տակ են պահում երկու չինացու. նրանցից մեկն ունի 37 աստիճան ջերմություն, մյուսը ջերմություն չունի: Այժմ կատարվում են ռենտգեն հետազոտություններ՝ պարզելու թոքաբորբ առկա՞ է, թե ոչ:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե Հայաստանից ավտոբուսով մեկնող երկու չինացու արդյոք թույլ են տվե՞լ հատել Վրաստանի սահմանը:
«Վրաստանի սահմանում նմանատիպ խնդիր եղել է: Ավտոբուսում եղած բոլոր քաղաքացիները՝ թե չինացիները, թե մյուսները եռակի ջերմաչափվել են։ Չինացիներից մեկը ջերմություն չի ունեցել և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մյուսի մոտ եղել է ընդամենը 37 աստիճան ջերմություն, նա հիմա անցնում է ռենտգեն նկարահանում, թոքերն են հետազոտում: Տեսնենք, թե ռենտգենի պատկերն ինչ ցույց կտա, բայց այս պահին երկուսի ինքնազգացողությունն էլ բավարար է: Նրանք, սակայն, դեռևս կմնան հսկողության ներքո՝ առանձին բոքս-մեկուսարաններում»,-ասաց Թորոսյանը:
Թորոսյանը նշեց՝ հիմա գրիպի սեզոն է, և բացառված չէ, որ նրանք կարող են ունենալ պարզապես շնչառական վարակ։ Նա նաև տեղեկացրեց, որ այդ անձինք երկար ժամանակ եղել են Վրաստանում, հետո եկել Հայաստան:
Նշենք, որ Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` արձանագրվել է շուրջ 5 997 հաստատված դեպք` 132-ը մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել նաև 15 այլ երկրներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







