1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ-ի մեկնարկած նստաշրջանի հենց առաջին օրը ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը, նաև այն, որ իշխանությունը փորձում էր առաջին պլան բերել Էդմոն Մարուքյանին՝ որպես ընդդիմություն, «ուժի» ցուցադրություն էր, որ որևէ մեկի մտքով, առաջին հերթին՝ ԲՀԿ-ի, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։
Ըստ թերթի՝ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ՍԴ կոնֆլիկտի ֆոնին ԱԺ-ում ունենալ կոնֆլիկտ ԲՀԿ-ի դեմ, ըստ այդմ՝ առայժմ դանդաղ է գործում։
Ի դեպ, եթե անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվում և տապալվում, ապա Սահմանադրությունը թույլ է տալիս կրկնել 6 ամիս հետո։
Թերթի աղբյուրի տվյալներով՝ Սահմանադրական փոփոխություններով նաև անվստահություն հայտնելու ժամկետները հնարավոր է վերանայվեն։
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շաբաթ-կիրակին անցկացրել են Դիլիջանում՝ քննարկել են Վահագն Հովակիմյանի հեղինակած վիճահարույց փոփոխությունները՝ ԱԺ կանոնակարգի, ՍԴ-ի և հանրաքվեի մասին օրենքների հետ կապված։ Դրանով փորձ է արվում առանց ՍԴ-ի կարծիքի Սահմանադրությունում փոփոխությունների ճանապարհ բացել և ցանկալի ՍԴ ձևավորել՝ առանց Հրայր Թովմասյանի և մյուսների։
Հանդիպմանը բոլորը չեն մասնակցել, ինչն էլ հիմնավորել է կասկածները, որ չի հաջողվելու 87 քվե ստանալ, ինչն անհրաժեշտ է փոփոխություններն անցկացնելու համար։
3․«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կոշում ծեծի ենթարկելու գործով առանցքային դերակատարում ունի Արարատցի Լյովը, ով Փաշինյանի ազատազրկման շրջանում եղել է Կոշի գաղութի նայողը։ Վերջինս, սակայն, հրաժարվել է ցուցմունք տալ։
Փաշինյանին ծեծի ենթարկող ՔԿՀ երկու աշխատակիցներից մեկը թոշակի է անցել, ապրում է Ռուսաստանում, օրերս պատահաբար եկել է Հայաստան ու կարող է այս գործով ձերբակալվել»։
4․ 168.am-իտեղեկություններով՝ Միխայիլ Միշուստինը բավական մոտ հարաբերություններ է ունեցել ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Միշուստինը թե՛ WCIT-ի շրջանակներում ՀՀ այցելության ընթացքում, թե՛ Ալմաթիում հանդիպման ընթացքում Ն. Փաշինյանի հետ զրուցել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու հնարավորության մասին, քանի որ վերջինս բժշկական մասնագիտացված հատուկ խնամքի կարիք ունի և կալանավորումից առաջ գտնվել է Գերմանիայում՝ հետվիրահատական բուժման նպատակով:
5․« Փաստի» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներին հրահանգված է միջնորդներ գտնել ՍԴ դատավորների հետ հանդիպելու և «բացատրական զրույցներ» ունենալու համար: Մասնավորաբար նախորդ շաբաթվա վերջին նման հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի միջև:
Ըստ թերթի աղբյուրների, Միրզոյանը «բարեկամաբար» հորդորել է ՍԴ դատավոր Թոխյանին դիմում գրել և օգտվել վաղաժամ կենսաթոշակի օրենքից՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ֆելիքս Թոխյանի հարազատ եղբայրը՝ Մարատ Թոխյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, և հենց նա էլ կատարել է Արարատ Միրզոյան-Ֆելիքս Թոխյան հանդիպման միջնորդի դերը:
6․ «Իրատես» թերթը գրում է՝ այն, որ Հայաստանում տեղյակ չեն, թե ինչի մասին են երկու օր բանակցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ «ջհանդամը», բայց գոնե դրանից Արցախում տեղյա՞կ են, գիտե՞ն ինչ ծրագրեր են իրենց հաշվով կազմում։ Խիստ «կոնֆիդենցիալ» Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների մասին արդեն Արցախի իշխանություններին տեղեկություն փոխանցվե՞լ է։
7․ «Իրատեսը» գրում է՝ ասում են, թե ռուսական շրջանակներին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի` կապանյան ասուլիսում, Ռուսաստան կատարելիք այցից առաջ, հնչեցրած հերթական «քայքայիչ» միտքը` «Ռուսաստանի գիտությամբ է տեղի ունեցել ապրիյան պատերազմը»: Ասում են` Ռուսաստանը սպասում է Պուտինի սկսած վերադասավորություններն ավարտվեն, որից հետո ձեռնամուխ կլինեն «բարեկամ» երկրներում իրենց դիրքերի ամրապնդմանը։
Հայաստանի մասով առաջին հերթին նկատի է առնվում Արթուր Վանեցյանը, որը շուտով կներկայանա որպես քաղաքական գործիչ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







