1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկել է հետաձգել ԱԺ նիստը, որտեղ պետք է որոշվեր առաջիկա արտահերթ նիստի օրակարգը՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի աղմկահարույց նախագծով՝ ՍԴ-ին չեզոքացնելու վերաբերյալ։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական պատգամավորները բավականին շփոթված ու այլայլված են եղել, հավանաբար հասկացել են, որ այս նախագծով ակնհայտ հակասահմանադրական ճանապարհով են գնում և «պատերազմ» են հայտարարում միջազգային կառույցներին ու նորմերին, մանավանդ՝ ԵԽԽՎ-ի ու Վենետիկի վերջին խիստ հայտարարություններից հետո։
Թերթը նշում է, որ հաշվի առնելով ՍԴ-ից ու ՍԴ նախագահից ամեն գնով ազատվելու մոլուցքը, կարելի է ենթադրել, որ եթե անգամ հրաժարվեն այս օրինագծից, առաջիկայում մի նոր անհեթեթություն կհորինեն։
2․«Հրապարակ» թերթը գրում է, որ այսօր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Ընտրվել են տպագիր մամուլի միջոցները։ Թերթի տեղեկություններով, նա պատրաստվում է պատասխանել խմբագիրների հարցերին։
3․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն զենքով ներխուժման գործով կալանավորված Արթուր Թորոսյանը դեռևս ցուցմունք չի տվել, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է վերջինիս պաշտպան էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ նրա մասով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։
Ըստ փաստաբանի՝ մինչև այժմ չկա տեղեկություն, որ նա որևէ հոգեբուժական կենտրոնում հաշվառված է եղել։
4․«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչև հունվարի 30-ը` Վահրամ Ավագյանի մահվան օրը, 2019 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ ահազանգ է եղել մի քաղաքացու կողմից, ինչը ՊՆ-ում ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին: Քաղաքացին հայտնել է, որ ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ծառայում են պաշտոնյաների տղաներ, և այդ տղաների մեջ է նաև Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, զինվորներին նեղացնում են: Երբ ինֆորմացիան զեկուցվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, նա, թերթի տեղեկություններով, հրահանգել է արձանագրություն կազմել, և բողոքը անմիջապես ներկայացվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Եվ դատելով իրավիճակից՝ Արտակ Դավթյանը կա՛մ անպտուղ քայլեր է արել, նրան լսող չի եղել, կա՛մ էլ մատը մատին չի տվել, ինչի հետևանքով էլ ամիսներ անց տեղի է ունեցել Վահրամ Ավագյանի ողբերգական դեպքը:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ մի քանի նիստեր են գումարվել ՊՆ-ում ստեղծված իրավիճակը քննարկելու և ելքեր գտնելու համար։
5 «Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կետրոններում հանձնարարություն է իջեցվել առավել հանգամանալից հետևել հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին և կանխատեսել ՀՀ-ում առաջիկա 2-3 ամսվա հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները, ինչպես նաև այդ սցենարներին համապատասխան հնարավոր ներքաղաքական զարգացումներն ու վերադասավորումները:
Ռուսական շրջանակները փորձում են հստակ գնահատել ՀՀ արտաքին ու ներքին վեկտորների իրական հասցեատերերին և, ըստ այդմ, համապատասխան վերլուծություններ և եզրակացություններ անել:
Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնարարություն է իջեցվել նաև ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ զարգացումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես Արցախում սպասվող ընտրություններն ու Իրանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացների ռիսկերը:
6․ « Փաստ» թերթի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի թնջուկը գնալով ավելի է խճճվում. իշխանությունները փորձում են հստակեցում մտցնել խնդրի հետ կապված, սակայն իրականում այդ ամենը հիշեցնում է հավերժական տեղապտույտ: Ըստ «Փաստ» թերթի՝ սահմանադրական փոփոխությունների իրականացման գործընթացը տրամաբանորեն կտևի մոտ մեկ տարի։
Ներկայումս իշխանության ներսում քննարկվում է մի քանի սցենար, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններն առանց հանրաքվեի, «ոտքի վրա» անցկացնելու տարբերակը, որը մասնագետները ինքնին գնահատում են հակասահմանադրական։
Ի դեպ, շատ փորձագետներ գտնում են, որ սպասվելիք ԱԺ արտահերթով, առաջարկելով չեղարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը եզրակացության համար ոչ միայն ՍԴ-ին, այլև նախագահին ուղարկելու նորմը, իշխանությունները, փաստորեն, կասկածի տակ են դնում նաև Արմեն Սարգսյանի լեգիտիմության ու վստահելիության հարցը:
7․«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է օրենսդրական մեծ փաթեթ, որով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններով՝ այս նախագիծը նախատեսվում է փետրվարի 7-ին քննարկել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Սա, ըստ էության, իշխանությունների հերթական քայլն է, իրենց խոսքով ասած, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի կամ դատական համակարգում առկա խնդիրների լուծմանն ընդառաջ։ Եվ ուսումնասիրելով նախագծի փաթեթը՝ պարզ է դառնում, որ դատավորներին ստուգելու գործընթացը սկսելու են գույքային դրությունից։
Եվ եթե ընդհանուր առմամբ դատավորների բարեվարքությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը, ապա կոնկրետ հայտարարագրերի հետ կապված հարցերը կարգավորելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Մասնավորապես, հանձնաժողովը հնարավորություն կունենա հայտարարագրման ենթակա անձանցից բացի պահանջել այլ մարդկանց ունեցվածքի մասին տեղեկություններ ևս։ Եվ ավելին, հանձնաժողովին վերապահելու են նաև բանկային, առևտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու և ստանալու հնարավորություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







