Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Զարեհ Սինանյանը մեկնել է Ախալցխա և հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն: Այս մասին հայտնում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից։ Հանձնակատարն իր խոսքում նշել է, որ այսպիսի այցերը կարևոր են ոչ միայն հայ համայնքների հետ հանդիպումների և խնդիրների բարձրաձայնման առումով, այլև՝ ծանոթությունների տեսանկյունից:
Ընդգծվել է այն հանգամանքը, որ հայ և վրացի ժողովուրդները կողք կողքի բնակվում են համերաշխության և եղբայրության սկզբունքներով՝ նպաստելով նաև երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը: Վրացի պաշտոնյաները ներկայացրել են Ջավախքում իրականացվող բարեփոխումները՝ սկսած կրթական մակարդակի բարձրացումից մինչև ճանապարհների կառուցում և ենթակառուցվածքների արդիականացում:
Այնուհետև Գլխավոր հանձնակատարը այցելել է թիվ 3-րդ հայկական դպրոց և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Օրվա երկրորդ կեսին Զարեհ Սինանյանը հանդիպել է Ախալցխայի հայության հետ: Հանդիպումն ընթացել է անմիջական մթնոլորտում, ներկաները բարձրաձայնեցին իրենց հուզող բոլոր հարցերը:
Հանդիպումից հետո Զարեհ Սինանյանն այցելել է Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոն։ Ավելի նեղ շրջանակով դարձյալ հանդիպում է տեղի ունեցել հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ: Օրվա ավարտին հանձնակատարն այցելել է Ծուղրութ գյուղ և շրջայց կատարել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







