Այսօր՝ փետրվարի 10-ին, մայրաքաղաքում տրանսպորտի մոտ 10 երթուղու վարորդներ աշխատանքի դուրս չէին եկել. վարորդները գործադուլ էին անում: Վարորդները պահանջում էին լուծել քաղաքում առկա խցանումների, Արարատյան մաքսատնից դուրս եկող մեծ բեռնատար մեքենաների պատճառով առաջացող խցանումների, գազի գնի, տուգանքների և այլ հարցեր:
Վարորդները նշում են, որ առավոտյան ժամը 6:50-ին շարժվում են և ամբողջ օրվա ընթացքում 7 անգամ չեն հասցնում գիծ դուրս գալ:
«Իմ երթուղին ձգվում է Շարուրի փողոցից մինչև Էրեբունի-Մասիվ, ընդհանուր առմամբ 12 կմ, սակայն անգամ այդքան հատվածում մի շարք խնդիրներ կան»,- նշեց վարորդներից մեկը՝ հավելելով, որ խցանումների պատճառով իրենք չեն կարողանում կատարել իրենց վրա դրված օրվա պլանը:
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից էլ տեղեկացնում են, որ ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է: