Հաշվի առնելով արտակարգ իրավիճակի պայմաններում մոտալուտ ուսումնական տարին՝ պարետատան՝ օգոստոսի 5-ին անցկացված նիստում քննարկվել են հանրակրթական հաստատություններն ու բուհերը վերաբացելու տարբերակները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
«Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է՝ պարետատունն առաջնային ուշադրություն է դարձրել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներին: Համաճարակային իրավիճակից կախված՝ արդեն իսկ ունենք հանրակրթական օջախներն ու բուհերը վերաբացելու մոդելներ»,- ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ վերջնական ծրագիրը հանրությանը կներկայացվի օգոստոսի 10-ից հետո:
Նախարարությունից տեղեկացնում են, որ պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար.
- ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ,
- խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,
- տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։ Ըստ այդ տարբերակի՝ այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվեն հերթափոխային և որոշ այլ սկզբունքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







