ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով բուհ չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքի ակցիային, համոզմունք հայտնեց, որ գիտելիք ունեցող դիմորդն առանց կրթության չի մնա։
«Իմ մոտեցումը ևս այդպիսին է, որ եթե դիմորդն ունի գիտելիքներ, չի կարող բուհ չընդունվել ու չսովորել: Այստեղ նաև տեխնիկական խնդիրներ են ծագել՝ գրանցման, հայտը լրացնելու հետ կապված: Դիմորդներն իրենք են որոշել, որ երկրորդ կամ որևէ հայտով պատրաստ են սովորել նաև այն մասնագիտությամբ, որը նշել են: Այլ հարց է, որ դիմորդները միգուցե ունեցել են ակնկալիք, որ առաջին հայտով կընդունվեն: Ես կարծում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունն այս թնջուկը կկարողանա լուծել, որով գիտելիք ունեցող դիմորդները կկարողանան սովորել»,-ասաց նա:
Մակունցն անդրադարձավ նաեւ կրթության չափորոշիչներին, որը բուռն քննարկումների առիթ է տվել։ Նա ընդգծեց, որ կրթական չափորոշիչները դեռևս քննարկման փուլում են, և այս ընթացքում տարբեր շահառու խմբերի կողմից կարծիքներ լսելու, որոշումներ կայացնելու ժամանակ դեռ կա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







