Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ (1994 թ, հետմահու), ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից Մոնթե (Ավո) Մելքոնյանի հիշատակի օրն է:
1993 թվականի հունիսի 12-ին Մարզիլի գյուղի մատույցներում Հայ Ազգը կորցրեց իր զավակին՝ Մոնթե Մելքոնյանին։ Նրա մահվանից անցել է ուղիղ 27 տարի:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ–ին Կալիֆոռնիայի Վայսեյլի քաղաքում։ Սովորել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժնում։ 1978-ին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն չի ավարտել, մեկնել է Լիբանան, քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել (շուրջ 3 տարի) Բեյրութի հայկական թաղամասի պաշտպանական կռիվներին:
Մոնթեն անփոխարինելի դեր է կատարել հայկական ինքնապաշտպանական ուժերը կազմակեպելու և ապա նաև կանոնավոր բանակ ստեղծելու գործում:
1980-ի մայիսից` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ` ԱՍԱԼԱ) գլխավոր ռազմական մարզիչ: 1983-ին հեռացել է ՀԱՀԳԲ-ից (քաղաքական գծի և գործելակերպի հարցում անհամաձայնության պատճառով) և հիմնել ՀԱՀԳԲ-ի հեղափոխական շարժումը:
1985-ի նոյեմբերի 27-ին Փարիզում ձերբակալվել է կեղծ անձնագիր ու պայթուցիկ նյութեր ունենալու մեղադրանքով և բանտարկվել մինչև 1989-ը:
1991թ. օգոստոսին 3-ին Մոնթեն ամուսնանում է Սեդայի հետ:

«Խաղաղություն կլինի միայն մեր հաղթանակով»,- ասել է Մոնթեն ու ասածն ապացուցել մարտի դաշտում։ 1990-ի հոկտեմբերից զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը: 1991-ի սկզբին հիմնել է «Հայրենասիրական ջոկատը»: 1992-ին` Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:
1993թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չի մասնակցում մարտին, այլ Աշանից ներքև գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում է Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությունը: Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջավ հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու մարտիկներին: Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի նրանց առջև հայտնվեց հակառակորդի զրահամեքենան: Անհավասար մարտում զրահամեքենայից արձակված հրթիռի բեկորից Մոնթեն զոհվեց:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք», ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: 1994-ին Երևանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը:
Այժմ ԼՂՀ Մարտունիի շրջկենտրոնը կրում է Արցախի հերոս Մոնթեի անունը` Մոնթեաբերդ, այնտեղ կանգնեցված է նաև նրա հուշարձանը։ Մոնթեի անունով է կոչվել նաև Հայաստանի ՊՆ ռազմական ուսումնարանը: Ազգային հերոսի աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում:
Հավերժ լինի փառքդ, դու միշտ մեր սրտերում ես, Ավո՛։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







