Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանը նվազելու է, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 25-ի ցերեկը հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։ Սուրենյանը նշել է, որ արևադարձային տաք օդի ալիքն աստիճանաբար նահանջում է դեպի հարավ և դուրս է գալիս Հայաստանի տարածքից։
Ջերմաստիճանի հաջորդ նվազումն սպասվում է սեպտեմբերի 28-29-ին․ հանրապետության ամբողջ տարածքում այն կնվազի ևս 4-5 աստիճանով։
Սեպտեմբերի 25-ին և 26-ին Գեղարքունիքի և Վայոց ձորի առանձին հատվածներում հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան արևմուտքից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն, ինչի հետևանքով սեպտեմբերի 28-ի երեկոյան, ինչպես նաև սեպտեմբերի 29-30-ը ժամանակ առ ժամանակ Երևանում և շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Սուրենյանը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 23-ին և 24-ին Հայաստանում բարձր ջերմային ֆոն է գրանցվել։ Մի շարք շրջաններում ցերեկային առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևէ դիտված պատմական առավելագույն արժեքները։
Նրա խոսքով՝ այդ օրերին միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր էր 5-7 աստիճանով, ինչը համարվում է անոմալ տաք եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







