Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը, հայտնել է ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը։
Ըստ հաղորդագրության՝ Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում (ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ) առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ համակարգի օպերատորի կողմից դիսպետչերական սահմանափակումներ են կիրառվել։
Ընկերությունից հավելել են, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։
Այսօր ավելի վաղ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանո Պետրոսյանը հայտարարել էր, որ բոլոր տեսուչները պարտավոր են 24 ժամ հասանելի լինել քաղաքացիներին և արագ արձագանքել բոլոր վթարների դեպքում՝ ապահովելով բաժանորդների անխափան էլեկտրամատակարարումը և պատշաճ իրազեկումը՝ վթարային և պլանային աշխատանքների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ վթարավերականգնողական աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ տրվեն ոչ թե ժամանակավոր, այլ վերջնական և արդյունավետ լուծումներ՝ կանխարգելելով վթարների հնարավոր կրկնությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



