Զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող և նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում։ Այս տարվանից հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է:
Փաշինյանը հավելել է՝ երկրին պատահած աղետներից հետո ամեն օր կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը փորձել են գտնել հարցի պատասխանը՝ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն և ոչ թե կոտրող։
«Այս հարցին տրվել է հստակ և աներկբա պատասխան․ մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա։ Եվ, հետևաբար, պետությունը՝ զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող և նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը»,- շեշտել է վարչապետը։
Նրա խոսքով՝ իշխանություններն այսօր կենտրոնացած են հենց այս խնդրի վրա՝ նպատակ դնելով ամրապնդել անվտանգային համակարգը ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելով:
«Երկրի հարատևությունը, պետականության ու նրա ինստիտուտների ուժեղացումը, պետությունը քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության աշխատող գործիք դարձնելը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ամրացնելը, երկրային բանակի շարունակական զարգացումն է այն անելիքը, որը մեզ հնարավորություն կտա նայել դեպի երկինք՝ մեր երկնային բանակին և ժպիտ ստանալ ի պատասխան»,- եզրափակել է նա:
2024 թվականի հոկտեմբերին առաջարկվել էր հիշատակի օր սահմանել սեպտեմբերի 27-ը, սակայն այդ ժամանակ կառավարությունը մերժել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ Բանակի օրն արդեն ներառում է հայրենիքը պաշտպանելիս զոհված բոլոր անձանց հիշատակի ոգեկոչումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







