Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմը հայտարարել է մի շարք քահանաների նկատմամբ սպառնալիքների ու ճնշման մասին։ Թեմը պնդել է, որ նրանց ուղղորդել են միանալ թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ազատել էր պաշտոնից, ավելի ուշ դատարանը ժամանակավորապես վերականգնել էր նրա պաշտոնը։
Թեմի հայտարարության մեջ նշվում է, որ հունվարի 19-ից մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Ընդգծել են, որ նրանք սպառնալից խոսույթով պահանջները հիմնականում Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին են ներկայացրել։
«Փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով ուղղորդել քահանաներին միանալ թեմի նախկին առաջնորդին և ընդունել նրա առաջնորդական իշխանությունը։ Հիշյալ հորդորներին, առաջարկներին կամ ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել»,- ասված է հայտարարության մեջ։
Թեմից նաև տեղեկացրել են, որ արձանագրվել են դեպքեր, երբ համայնքապետարանի աշխատակիցները, վկայակոչելով դատարանի որոշումը, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես եպիսկոպոսի որոշում։ Թեմում նշել են նաև աշխատանքից հեռացնելու սպառնալիքի մասին։
Ըստ հայտարարության` քահանաներն ի պատասխան նշել են, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությամբ, իրենք կոչված են անշեղորեն պահպանել եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, այդ թվում՝ Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։
Կաթողիկոսը հունվարի 10-ին ազատել էր Սարոյանին պաշտոնից։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ էր նշանակվել Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում կաթողիկոսի որոշումը։ Սարոյանին պաշտոնում դատարանը վերականգնել էր հունվարի 16-ին։
Կարդացեք նաև՝





































