Արցախի անունով բացված հաշիվները սառեցնելու ֆոնին Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է, որ «Արցախբանկի» գործադիր տնօրեն Արտակ Բալայանը պետք է տեղեկատվություն տրամադրի մի շարք դրամական միջոցների վերաբերյալ։
Այս մասին նա հայտնել է Armenia Today-ին՝ մեկնաբանելով իր տեսաուղերձը, որում բանկի ղեկավարությանը մեղադրել է հարցերի քննարկումից և հանդիպումից խուսափելու մեջ։
Ավելի վաղ նա հրապարակավ հանդիպման կոչ էր արել Բալայանին՝ նշելով, որ բանկի հետ մնում են «բազմաթիվ չկարգավորված հարցեր», և անհրաժեշտ է պարզաբանել, թե որտե՞ղ են գտնվում և ինչպե՞ս են կառավարվում միջոցները։
Նա ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դիտարկումը, թե արդյոք խոսքն արցախցիների վճարումների և նրանց սոցիալական կարիքների լուծման համար նախատեսված միջոցների մասի՞ն է։
Իսկանդարյանը, միևնույն ժամանակ, տեսաուղերձում հիշեցրել էր, որ «Արցախբանկի» բաժնետոմսերի 43%-ը պատկանում է ներդրումային հիմնադրամին և հայտարարել, որ ավելի քան 20 մլրդ դրամի հասնող միջոցների կառավարմանը մասնակցությունը, ըստ նրա, փաստացի բացակայում է։
Փետրվարի 16-ին Արցախի օպերատիվ շտաբը, արձագանքելով քաղաքացիների դիմումներին, հայտնել էր, որ Արցախի հայաթափման հետ միաժամանակ Հայաստանը սառեցրել է Արցախի անունով բացված բանկային հաշիվները, որի հետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22 հազար աշխատողի չվճարված աշխատավարձը, վերջնահաշվարկները և արձակման նպաստները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հարցն իրենց նախարարության լիազորությունների շրջանակում չէ, քանի որ աշխատանքային հարաբերությունները ՀՀ օրենսդրությամբ չեն ծագել։
2023 թվականի հուլիսի 11-ին «Հրապարակը» հայտնել էր, որ արցախցիները, ովքեր չեն նախատեսում ՀՀ քաղաքացիություն ստանալ, կենսաթոշակային խնայողություններ ստանալու համար հնարավոր է դիմեն դատարան։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում կենսաթոշակի հաշվարկման ընթացքում արցախցիների՝ 1992-2014թթ․ աշխատանքային ստաժը չի հաշվարկվում։ Հունիսի 13-ին ԱԺ-ն հաստատել էր աշխատող արցախցիների կուտակային կենսաթոշակների համակցումը ՀՀ-ի համակարգի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







