Ադրբեջանի և Հայաստանի միջև ԱՄՆ-ում կնքված համաձայնագրի վերաբերյալ հնչած ոգևորությունը փաստաթղթի հրապարակումից հետո փոխարինվել է թերահավատ գնահատականներով, քանի որ դրա տեքստում շատ բան համաձայնեցված չէ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ պայմանավորվածությունները սկիզբ են առել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված համաձայնագրի հիման վրա։
«Որոշվել է այն ստորագրել ԱՄՆ տարածքում։ Դա մեր հարևանների ինքնիշխան իրավունքն է, բայց պետք է տեսնել, թե ինչպես այն կգործի, որովհետև Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո առաջին օրերին հնչած բոլոր հիացական արձագանքները հետագայում ինչ-որ կերպ փոխարինվեցին թերահավատ գնահատականներով։ Եվ ինչպես պարզվում է, այնտեղ դեռ շատ բան համաձայնեցված չէ»,- ընդգծել է Լավրովը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







