Թբիլիսիի քաղաքապետ ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ երկրի ազգային շահերը չեն կարող սակարկման առարկա դառնալ Եվրամիության հետ վիզային ազատականացման դիմաց, փոխանցում է Oc-media-ն։
Երկուշաբթի ունեցած ելույթում Կալաձեն խիստ քննադատել է եվրոպական կառույցների ներկայացուցիչներին՝ նրանց մեղադրելով «զրպարտչական հայտարարություններում» Վրաստանի ենթադրյալ հակաարևմտյան կուրսի վերաբերյալ։
«Տպավորություն է ստեղծվում, թե նրանք ցերեկով ու գիշերով մտածում են վրաց ժողովրդի և Վրաստանի մասին։ Դա բացարձակ կեղծ մոտեցում է»,- նշել է նա։
Կալաձեի հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ հաղորդվում է, որ Եվրահանձնաժողովը դիտարկում է Վրաստանի համար վիզային ազատականացման դադարեցման հնարավորությունը։
Սրացման առիթ է դարձել հուլիսի կեսերին Եվրահանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի տնօրինության կողմից Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիին ուղարկված փաստաթուղթը։ Նամակում պահանջվում էր մինչև օգոստոսի վերջ ներկայացնել դեկտեմբերի 2024-ին Բրյուսելի տված առաջարկությունների կատարման հաշվետվությունը և քայլեր ձեռնարկել բոլոր կետերի ուղղությամբ։
Առանց վիզայի ռեժիմի հնարավոր դադարեցման շուրջ քննարկումները դարձել են Վրաստանի իշխանությունների և եվրոպական հաստատությունների հարաբերությունների սրման հերթական դրվագը։






































