Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդունել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրաժարական։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունը։
ՆԳՆ նախարարի հրաժարանն ընդունել կամ չընդունելու որոշումը նախագահինն է և նախագահը չի ընդունում հրաժարականը՝ նշելով, որ նա պետք է շարունակի պաշտոնավարել։
«Սուլեյման Սոյլուն վաստակել է թուրք ազգի երախտագիտությունը իր հաջող աշխատանքի համար։ Նա անձնուրաց աշխատել է ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև տարերային տարբեր աղետների ժամանակ»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Սոյլուն հայտարարել էր հրաժարականի մասին և ներողություն խնդրել երկրի ղեկավարությունից և ողջ թուրք ժողովրդից:
Թուրքիայի ՆԳ նախարարը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ փողոց դուրս գալու արգելքից հետո համացանցում հայտնվել էին լուսանկարներ փողոցներում զբոսնող մարդկանցով։ Նա շեշտել էր, որ վիրուսի տարածումը կանխարգելելու համար հայտարարված սահմանափակման խախտման պատասխանատուն ինքն է եւ այս պայմաններում ինքը հրաժարական է տալիս, քանի որ չի կարողանում կանխել մարդկանց փողոց դուրս գալը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







