Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին․ վերջինս «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավ է սկսել։
Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, պատրիարք Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ իրենց աշխատավարձերը փոխանցել են դրամահավաքի հաշվեհամարին՝ 100․000 թուրքական լիրա (752.000 դրամ) նվիրաբերելով հիմնադրամին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստակապով անցկացրած կառավարության նիստից հետո հայտարարել էր «Ազգային համերաշխության արշավ» անվանումով դրամահավաք սկսելու մասին:
Ըստ Էրդողանի՝ «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավի նպատակը պետության կազմակերպած դրամահավաքի արդյունքում գոյանալիք գումարով կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում երկրի նվազ եկամուտ ունեցող բնակիչներին լրացուցիչ օգնություն ցույց տալն է: Ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական ծառայությունների նախարարությունը այդ նպատակով արդեն հատուկ հաշվեհամար է բացել:
Էրդողանը նշել էր, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը և իր 7 ամսվա աշխատավարձը փոխանցել էր հաշվեհամարին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







