Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունն անցնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի միջով, ադրբեջանական ԶԼՄ-ի հետ զրույցում նշել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
«Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ տարվող անկեղծ ջանքերին և ցանկանում ենք օր առաջ հասնել դրական արդյունքի։ Ադրբեջանի հետ մեր ռազմավարական դաշինքի ամրապնդման և մեր համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակվում են»,-հայտարարել է թուրք նախարարը։
Նա նշել է, որ Թուրքիան զարգացնելու է ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ:
Տարեսկզբին Էստոնիայի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Բաքուն հուսով է՝ մոտ ժամանակներս տեղի կունենա Երևանի հետ բանակցությունների հաջորդ փուլը։
Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկները։ Նույն օրն ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները։
Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը փոխանցել է խաղաղության պայմանագրի առաջարկները և սպասում է Ադրբեջանի պատասխանին։





































